Ընտանեկան ձեռնարկատիրություն
Ո՞Ր ՏԱՐԻՔԻՑ Է ԿԱՐԵԼԻ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ
Մենք ուղղեցինք տվյալ հարցադրումը ՊԵԿ և ստացանք ծավալուն պատասխան։
Ո՞Ր ԴԵՊՔՈՒՄ Է ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՒՄ ԸՆՏԱՆԵԿԱՆ
ՀՀ Հարկային օրենսգրքի 266-րդ հոդվածի 1-ին մասի և Օրենսգրքի 267-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն ընտանեկան ձեռնարկատիրություն է համարվում ձեռնարկատիրական եկամուտ ստանալու նպատակով ընտանիքի մեկից ավելի անդամների կողմից համատեղ և բացառապես ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատողի) միջոցով իրականացվող ձեռնարկատիրական գործունեությունը:
Ո՞Ր ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՀԱՄԱՐՎԵԼ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
Առևտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկա-տիրության սուբյեկտ, եթե առևտրային կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալն ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամի, և եթե կազմակերպությունն իր գործունեությունն (այդ թվում՝ արտոնագրային հարկի օբյեկտ համարվող գործունեությունը) իրականացնում է բացառապես կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն ունեցող անձանց և (կամ) այդ անձանց ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատողի) միջոցով:
Ո՞Ր ՏԱՐԻՔԻՑ ՍԿՍԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԱՇԽԱՏԵԼ
«Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան՝ երեխայի հետ աշխատանքային պայմանագիր կարող է կնքվել նրա 16 տարին լրանալուց հետո, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրերի: Մինչև 16 տարեկան երեխաները կարող են ընդունվել ժամանակավոր աշխատանքի՝ ծնողներից մեկի (որդեգրողի) կամ հոգաբարձուի (խնամակալի) և խնամակալության և հոգաբարձության մարմնի գրավոր համաձայնությամբ, եթե դա չի խանգարում նրանց ուսուցման գործընթացին:
ԻՆՉՊԻՍԻ՞ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐ ԿԱՆ ԱՆՉԱՓԱՀԱՍԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Երեխան ունի աշխատանքի արտոնյալ պայմանների իրավունք: Երեխայի աշխատանքի ընդունման առանձնահատկությունները, արտոնությունները և պայմանները սահմանվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով: Արգելվում է երեխային ներգրավել այնպիսի աշխատանքներում, որոնք կարող են վնասել նրա առողջությանը, ֆիզիկական և մտավոր զարգացմանը, խոչընդոտել կրթություն ստանալուն:
ԱՐԴՅՈ՞Ք ԿԱ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ԵՐԵԽԱՅԻ ՏԱՐԻՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Հարկային օրենսդրությամբ ընտանեկան ձեռնարկատիրության մեջ ներգրավված ընտանիքի անդամի տարիքային սահմանափակում սահմանված չէ, սակայն, ընտանեկան ձեռնարկատիրությունում որպես վարձու աշխատող ընտանիքի անչափահաս անդամին ներգրավելիս անհրաժեշտ է հաշվի առնել ՀՀ Աշխատանքային օրենսգրքով սահմանված վերոնշյալ առանձնահատկությունները: