Հունվարի 1-ից կարող Է փոփոխվել կանխիկ գործարքների առավելագույն շեմը

ՀՀ Կառավարությունը 2021 թվականի սեպտեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել անկանխիկ գործառնությունների մասին օրենքի նախագծին: Այդ օրենքի ընդունմամբ պայմանավորված զուգահեռ նախատեսվել են նաև փոփոխություններ մի շարք օրենքներում: Ըստ հրապարակված նախագծի պետական բյուջեի ծախսերի նվազեցում չի նախատեսվում:

Օրենքը սահմանափակում կտարածի ՀՀ-ում կնքված, ինչպես նաև ՀՀ տարածքից դուրս կնքված, սակայն ՀՀ-ում վճարում նախատեսող գործարքների վրա: Այն վերաբերվում է.

  • աշխատավարձերին, կրթաթոշակներին, կենսաթոշակներին և նպաստներին,
  • գույքի օտարման և օգտագործման գործարքներին,
  • աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցմանը,
  • փոխառություններին,
  • ներկայացուցչական ծախuերին, գործուղման և այլ նպատակներով կատարվող վճարումներին:

Չնայած օրենքում հստակեցված է կանխիկ և անկախիկ վճարումների հասկացությունները, այնուամենայնիվ, անդրադարձ արված չէ կրիպտոարժույթով վճարումներին:

Ընդհանուր առմամբ գործարքների նկատմամբ սահմանվում է կանխիկ գործարքների առավելագույն շեմի աստիճանական նվազեցում մինչև 300 000 ՀՀ դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքում տրվում են հատուկ կարգավորումներ:

Օրինակ՝ ոչ ֆինանսական կազմակերպությունները և ֆիզիկական անձինք իրար միջև, կարող են տրամադրել 1 միլիոնը չգերազանցող փոխառություններ, իսկ գրավատները 20000 ՀՀ դրամից ավելի վարկերը տրամադրելու են միայն անկանխիկ ձևով:

Աշխատավարձի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների և ներկայացուցչական ծախսերի անկանխիկ վճարման պահանջն աստիճանաբար՝ ըստ բնակավայրերի, տարածվելու է ՀՀ ամբողջ տարածքի վրա, բացառությամբ հաշմանդամություն ունեցող անձանց, ովքեր կարող են գրավոր դիմումի հիման վրա աշխատավարձը ստանալ կանխիկ: Ի դեպ 18 տարեկանից բարձր կենսաթոշակային տարիքը չլրացած անձանց թիվը 2020 թվականի հուլիսի 1-ի դրությամբ գերազանցում է 100 հազարը:

Պետական կամ տեղական բյուջեներից կատարվող ցանկացած վճարում իրականացվելու է անկանխիկ, բացի այն դեպքերից, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բացառություններ:  Երևան քաղաքում այս պահանջը մասնակիորեն արդեն սահմանված է ՀՀ Աշխատանքային Օրենսգրքի 192 հոդվածով, և այստեղ անցումը 10 և ավելի ունեցող աշխատող կազմակերպություններում արդեն կատարված է:

Այս ամենը միջնորդավճարների տեսքով մեծ եկամուտներ կապահովի բանկային համակարգին, ինչի համար ՀՀ կենտրոնական բանկին իրավասություն է տրվում սահմանել միջնորդավճարների առավելագույն և նվազագույն սահմանաչափեր:

Որպես առավել ստվերային և կոռուպցիոն ռիսկեր պարունակող ոլորտ, հատուկ նախատեսվում է անկանխիկ վճարման պահանջ բժշկական կազմակերպությունների համար, ինչն իր հերթին խնդիրներ կառաջացնի, հատկապես շուրջօրյա աշխատող կազմակերպությունների համար: Օրինակ վճարող անձը պատրաստ չէ վճարել անկանխիկ եղանակով, այնինչ բժշկական ծառայության մատուցումն առավել արդյունավետ կլինի այն դեպքում, եթե իրականացվի անհետաձգելի ռեժիմով:

Օրենքով նախատեսվող ապահովագրական հատուցումների բացառապես անկանխիկ ձևով վճարման սահմանափակումը լրացուցիչ բեռ կդառնա մանր հատուցումներ ստացող անձանց համար՝ մասնավորապես ԱՊՊԱ հատուցումների դեպքում:

Գործարքի տրոհումը սահմանափակումներից խուսափելու համար արգելվում է: Երբ գործարքների կնքումը կամ դրա դիմաց վճարումն իրականացվում է արտարժույթով, հաշվի է առնվում վճարման օրը ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված միջին փոխարժեքը:

Իհարկե անկանխիկ վճարումներին անցնելու այս տեմպը հնարավոր դարձնելու համար, օրենքը նախատեսում է պահանջներ տնտեսավարողներին՝ վճարումների ընդունման կետերում վճարային տերմինալների և անհրաժեշտ այլ սարքավորումների ապահովման մասով:

Նախագծի նպատակներից մեկը հարկային և մաքսային հսկողության ուժեղացումն ու արդյունավետության բարձրացումն է, և օրենքի կիրառման հսկողությունն ու պատժամիջոցների կիրառումն իրականացնելու է պետական եկամուտների կոմիտեն, իսկ ֆինանսական կազմակերպությունների դեպքում՝ կենտրոնական բանկը:

Տուգանքները նախատեսված են 200-ից մինչ 300 հազար դրամ, սակայն յուրաքանչյուր խախտման դեպք համարվում է առանձին խախտում: Այն դեպքերի համար, որոնք հարկային օրենսգրքով սահմանված կարգով արդեն իսկ տուգանվել են, տուգանք չի կիրառվելու:

Նախագծի հիմնավորման մեջ ներկայացված չէ, թե ինչ հետևանք կունենա նախագծի ընդունումը վարկերի տոկոսադրույքների և նրանց հավաքագրելիության վրա: Սակայն ակնհայտ է, որ փողի՝ նման մեծ ծավալի հոսքը դեպի բանկային համակարգ, հավանաբար կնվազեցնի ավանդների և վարկերի տոկոսադրույքները: Քաղաքացիների եկամուտների առավել թափանցիկությունը կբարձրացնի դժվար հավաքագրվող վարկերի վերադարձելիությունը: Հայաստանի ՓՄՁ ասոցիացիան որոշ մտահոգություններ է հայտնել օրենքի փոքր և միջին տնտեսավարողների վրա ազդեցության մասով: Միանշանակ է, որ ստվերի կրճատումը կբերի կառավարման որակի բարձրացմանը, ինչպես պետական համակարգում, այնպես էլ մասնավոր կազմակերպություններում, սակայն անխուսափելի կլինի բնակչության գնողունակության վրա բացասաբար ազդող գնաճը:

Ցավոք, կլինեն նաև այդ սահմանափակումները շրջանցելու ցանկություն ունեցող անձինք, ինչը կհանգեցնի կրիպտոարժույթների շրջանառության զարգացմանը, և կառավարությունը պետք մտածի այդ ուղղությամբ:

Այնուամենայնիվ, ինչպես և նախագծի մշակողները, կարծում ենք, որ օրենքի ընդունումը ՀՀ-ում կձևավորի անկանխիկ վճարումներ իրականացնելու մշակույթ:

Աղբյուրներ՝

ՀՀ կառավարության վեբ կայք

Օրենքների նախագծերի քննարկման e-draft հարթակ

how can we help you?

Submit a business inquiry online.