Կրիպտոարժույթների հաշվապահական հաշվառումը

Այս օրերին ֆինանսական ոլորտի մասնագետների կողմից ամենաշատ քննարկվող հարցերից մեկը կրիպտոարժույթների հաշվապահական հաշվառումն է: Անորոշության հիմնական պատճառն է՝ թվային արժույթի հաշվառման հետ կապված պաշտոնական ուղեցույցի բացակայությունը Ամերիկյան GAAP սկզբունքներում և միջազգային IFRS ստանդարտներում:

Այս պայմաններում, այն ընկերությունները, որոնք մեծ ծավալի թվային արժույթ (հիմնականում Բիթքոյն) ունեն իրենց ակտիվներում, ստիպված են առաջնորդվել գործարար սովորույթներով: Այնուամենայնիվ, 2018թ. հուլիսին «Մեծ քառյակ»-ի ընկերություններից մեկը հրապարակեց իր կարծիքը կրիպտոարժույթների դասակարգման վերաբերյալ: Գործող սկզբունքների համաձայն կրիպտոարժույթները հնարավոր է ընդգրկել ակտիվների հետևյալ խմբերում.

  • դրամական միջոցներ և դրանց համարժեքներ,
  • պաշարներ,
  • ֆինանսական գործիքներ
  • ոչ նյութական ակտիվներ:

Դրամական միջոցներ և դրանց համարժեքներ կատեգորիային համապատասխանում է այն ակտիվը, որը կարճաժամկետ է, ունի բարձր իրացվելիություն, հեշտությամբ փոխարկելի է նախապես որոշված կանխիկ գումարների և ենթակա է արժեքի տատանման աննշան ռիսկի: Սակայն ըստ հրապարակված կարծիքի, կրիպտոարժույթները չեն կարող դիտարկվել որպես դրամական միջոցների համարժեքներ,  որովհետև թողարկված չեն ինքնիշխան կառավարության կողմից, միանշանակ ընդունված չեն որպես վճարման ձև, հեշտությամբ փոխարկելի չեն նախապես որոշված կանխիկ գումարների և ունեն արժեքի տատանման ավելի քան աննշան ռիսկ:

Մյուս կողմից, պաշարներ են համարվում այն ակտիվները, որոնք պահվում են վաճառքի նպատակով՝ բիզնես գործունեության շրջանակում: Հետևաբար, կրիպտոարժույթները թերևս կարող են դասակարգվել որպես պաշար որոշ ձեռնարկություններում (օրինակ՝ բրոքերային), կամ  ֆինանսական գործիքներ (օրինակ՝ ներդրումային ընկերություններում): Սակայն, ըստ հրապարակված կարծիքի, կրիպտոարժույթները չեն կարող բավարարել ֆինանսական ակտիվների սահմանմանը, քանի որ դրանք չեն ներկայացնում սեփականության իրավունք որևե կազմակերպությունում, ինչպես նաև չեն համարվում պարտավորություն կամ իրավունք առաջացնող պայմանագիր, կամ կանխիկ միջոցներ և այլ ֆինանսական գործիքներ ստանալու պայմանագիր:

Հրապարակված կարծիքի եզրահանգումն այն է, որ ձեռնարկությունների մեծ մասի համար կրիպտոարժույթները ոչ նյութական ակտիվներ են՝ որպես ոչ ֆինանսական ակտիվներ, որոնք չունեն ֆիզիկական սուբստանցիա:

Միջազգային ասպարեզում, Tesla էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող ընկերությունը համարվում է ամենախոշոր ձեռնարկությունը, որը ներդրումեր է կատարել Բիթքոյն կրիպտոարժույթի մեջ:

31 դեկտեմբերի 2020թ-ի ավարտված ֆինանսական տարվա հրապարակված իր հաշվետվություններում Tesla-ն հայտարարեց, որ իր ակտիվներում առկա Բիթքոյն կրիպտոարժույթը հաշվառել է որպես անորոշ ժամկետ ունեցող ոչ նյութական ակտիվ: Այս թվային արժույթ համարվող ակտիվները   Tesla-ն սկզբնապես ճանաչում է ինքնարժեքով, դրանք ենթարկելով արժեզրկման ստուգումների՝ եռամսյակային պարբերականությամբ: Այսպիսով, ֆինանսական վիճակի համախմբված հաշվետվությունում, դրանք ներկայացվում են զուտ արժեքով, որը կազմում է սկզբնական արժեքը՝ հանած արժեզրկումից կուտակված կորուստը:  Մյուս կողմից, Tesla-ն այս ակտիվների նկատմամբ չի կիրառելու արժեզրկման հակադարձում՝ բորսաներում դրանց գների հետագա աճի դեպքում: Այնուամենայնիվ, քանի որ Բիթքոյնի շուկայական արժեքը ենթակա է խիստ տատանումների, մեր կարծիքով, արժեզրկման ստուգումը պետք է ավելի հաճախ կիրառվի:

Այսպիսով, կրիպտոարժույթի հաշվապահական հաշվառման քաղաքականության ընտրությունը՝ զուգահեռաբար փոփոխություններ է առաջացնում ընկերության ֆինանսական հաշվետվությունների վրա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանում, պայմանավորված կրիպտոարժույթի շուկայական արժեքի տատանումներով:

Հոդվածի հեղինակ՝ ԱՅ ԷՖ ՓԻ Ընկերության ավագ աուդիտոր՝ Գևորգ Հակոբ

Աղբյուրներ՝

  • White, Nicola M. “Tesla Bitcoin Bet Exposes Limits of Crypto Accounting Rules”, Bloomberg Tax, February 9, 2021.
  • Financial Reporting Alert 18-9. “Classification of Cryptocurrency Holdings”, Deloitte, July 9, 2018.
  • Sterley, Andre. “Cryptoassets: Accounting for an Emerging Asset Class”, CPA Journal, June 2019.
  • IFRS. “IAS 7 Statement of Cash Flows”.
  • United States Securities and Exchange Commission, Tesla, Inc. Form 10-K.
how can we help you?

Submit a business inquiry online.